Home » , » Պատմության խմբագրումը եւ ֆեյքերի ապագան

Պատմության խմբագրումը եւ ֆեյքերի ապագան

Written By Unknown on Friday, March 27, 2015 | 7:57 AM


Օրուելի 1984-ի տոտալիտար անտիուտոպիայի մեջ առկա է մի երեւույթ` պատմության խմբագրումը: Այսինքն` եթե մի ինչ-որ բան դադարում էր ձեռք տալ այսպես կոչված Մեծ եղբորը, ապա այն վերացվում էր, եւ միաժամանակ` վերացվում կամ խմբագրվում էին նաեւ դրա հետ առնչություն ունեցած բաները` նույնիսկ անցյալում, արխիվների վերամշակման միջոցով: Պատմությունը, այդպիսով, անընդհատ փոխվում էր, եւ անցյալն անդադար ադապտացվում էր ներկային:

Տպագիր տառը, բառը` խոսքը մնայուն է: Այն կարծես մոնումենտ լինի, ճարտարաշինարարական օբյեկտ, կայուն եղելություն: Այն, ինչ գրված է, արդեն իսկ ներշնչում է վստահություն: Մանավանդ հին գրքերի կամ փաստաթղթերի դեպքում: Եթե մի բան տպել են, ուրեմն գիտեն, թե ինչ են տպում, ուրեմն դա արդեն մոնումենտ է, արձան, մնայուն օբյեկտ: Այդպես էր նաեւ երեւի Օրուելի պատկերացմամբ, եւ արխիվային տեքստերի խմբագրումը հետին թվով` իրոք ֆանտաստիկա էր այն ժամանակվա պատկերացումների շրջանակում, մի բան, որ ուղղակի դուրս էր հավանականի եւ ենթադրելիի սահմաններից:
Իսկ հետո եկավ ինտերնետը: Հետո եկան Վիքիպեդիան ու սոցցանցերը: Եւ ամեն ինչ սկսվեց խմբագրվել: Ինչ ուզում ես անել` անվերջ հարցնում են` edit? Այժմ կարելի է ոչ միայն հետին թվով հրապարակումներ անել, խմբագրել արդեն եղած հրապարակումները եւ փաստերը, այլեւ կարելի ստեղծել ամբողջական պատմական իրադարձություններ, թեկուզ` ֆեյք փրոֆայլներ ներգրավելու միջոցով:
Այո, խմբագրել, ցանկության դեպքում, կարելի է ամեն ինչ: Նույնիսկ իմ թեյը: Այ, օրինակ, կարելի է մի գդալ էլ շաքար լցնել կամ եռացրած ջուր ավելացնել: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ  են մեր մասին կարդալու, ասենք, երկու հարյուր տարի հետո:
Կարդալու են, մասնավորապես, որ հայե՞րն են հարձակվել Ադրբեջանի վրա, թե՞ կարդալու են, որ Ադրբեջանում ցանկացել են Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը խեղդել արյան մեջ: Ու ընդհանրապես` ինչպիսի՞նն է մեր ժամանակների աշխարհը երկու հարյուր տարի հետո կարդացվելիք տեքստերում: Լինելո՞ւ է ընդհանրապես, թե՞ այդ ժամանակ գոյություն կունենա արդեն բոլորովին այլ` ֆեյքերով բնակեցված աշխարհ:
SHARE

0 comments :

Post a Comment