Home » , » Ավտոբուսային մրցավազքեր

Ավտոբուսային մրցավազքեր

Written By Unknown on Monday, March 30, 2015 | 12:53 AM


Ջենսոն Բաթոն, Լյուիս Հեմիլթոն, Ֆելիպե Մասա, Սեբաստիան Ֆիտել` լավագույններից լավագույնները, Ֆորմուլա 1-ի ամենափայլուն աստղերը, աշխարհի ամենաարագ վարորդ-մրցարշավորդները պատրաստվում են դարի շրջանին, որը կսկսվի վայրկյաններ հետո:
Նրանց ձեռքերը ամուր բռնել են բոլիդների ղեկերը, ոտնաթաթերը սեղմում են ոտնակները, սաղավարտի մեջ առնված գլուխներն էլ աչքերի կենտրոնացած հայացքը սեւեռել են մրցուղու վրա, հիմա ամեն ինչ կսկսվի... 3... 2... 1...
Ու շարժվում է, ասենք, 44 համարի ավտոբուսը: Շարժվելուն պես` վարորդ-մրցարշավորդը, նույն ինքը` ավտոբուսի շոֆեռը, կապ է հաստատում իր թիմի դիսպետչերի հետ. "Խշշշ, խշշշշ առաջ անցի առաջին խաչմերուկում, սեղմի մինչեւ 70, արխային, արագաչափ չկա": Պիլոտը պատասխանում է. "Խշշշ խշշշ, հա հա, առաջ եմ անցել, դու ինձ ասա ով ա հետեւիցս գալիս": Հասկացաք, չէ՞: Էդ խշշոցները ես դրամատիզմի համար եմ ավելացրել, թե չէ պիլոտ-ավտոբուսի շոֆեռն ու իր կոմպանյոնները ափաշքյարա, օրը ցերեկով հեռախոսով են խոսում պլյուս գոնկա կպնում, պլյուս արեւածաղիկի սերմեր չռթում, պլյուս ծխում, պլյուս ուղեւորների հետ խոսում, պյուս հաշվապահություն առնում, պլյուս մունաթ գալիս:
Շումախերը երեւի կոմայի մեջ շուռ եկավ: Ինքը նույնիսկ իր լավագույն մարզավիճակի ժամանակ չէր կարող միաժամանակ համ ծխել, համ քշել, համ մանրը հաշվել, համ առաջ անցնել կոնկուրենտ 8 համարի ավտոբուսից:
Մեկ-մեկ երեւանյան տրանսպորտով ուղեւորվելիս քեզ զգում ես ինչ-որ կարեւոր իրադարձության ականատես: Եւ ընդամենը: Քո` տեղ հասնել-չհասնելու հարցը մղվում  է հինգերորդական պլան, եւ զգում ես, որ մասնակցում ես մեծ մրցավազքի: Հաշվի առնելով, որ բոլիդը իրենից ներկայացնում է ընդամենը ավտոբուս, անվտանգության մասին, բնականաբար, կարելի է միայն երազել: Էլ չեմ ասում, որ անդադար արագանալու-դանդաղանալու հետեւանքով ավելի հաճախ հնարավոր է ուշանալ որեւէ տեղից, քան ժամանակին հասնել:
Հիմա, այս մասին մտածելով, ես առավել ըմբռնումով եւ հաճույքով եմ խմում թեյս եւ նայում լուսամուտից դուրս, քանի որ ով գիտի, թե ինչպես կվերջանա մոտակա մրցարշավը... Եւ ինչ աղացած մսով խորտիկներ կպատրաստվեն արդյունքում:
SHARE

0 comments :

Post a Comment