Home » , » Օպերացիա "Պեչենի" եւ մաֆիոզների շոուն

Օպերացիա "Պեչենի" եւ մաֆիոզների շոուն

Written By Unknown on Sunday, March 29, 2015 | 10:19 PM


Նայում է խանութում շարված ուտելիքներին: Հարուստ տեսականի է, ամեն ինչ կա, սկսած իսպանական ապխտած խոզի բդից, ֆրանսիական պանրից, վերջացրած տեղական մոժոժներով, նրբերշիկներով, երշիկներով ու ձկնեղենով: Նա նայում է ուշադիր, հայացքը սառեցրած, մտքերը ինչ-որ տեղ հեռվում են, նրա գոյության խարիսխը գցված է այս տեսականու խորքերը, եւ եթե հանկարծ ինչ-որ մեկը հանկարծակիորեն կտրի այդ խարսխի հետ կապող թելը` նա տեղում հենց կվերանա, քանզի մտքերը նրա ունեն միայն մեկ հիմք, իսկ մարդու գոյության հիմքն էլ հենց միտքն է:

Անցնում է հացաբուլկեղենի բաժնի կողքով: Թարմ հացի բույրը հեգնանքախառն սեթեւեթանքով ժպտում է նրա սոված զգայարաններին: Մի քիչ առաջ է գնում ու հայտնվում թխվածքաբլիթների հետ դեմ-դիմաց: Քաղցրահամ թուքը պատում է բերանը, ինքն էլ չի հասկանում, թե ինչպես է ձեռքը երկարում,վերցնում թխվածքաբլիթը եւ մոտեցնում բերանին, սեղմելու ատամների արանքում, բոլոր համային ռեցեպտորներով անցկացնելու, ծամելու եւ կուլ տալու համար... Եւ այստեղ սկսվում է շոուն:
Ոստիականության օպերատիվ-հրթիռային-կայծակնային ջոկատը շրջապատում է խանութի տարածքը, ոստիկանական սրընթաց-ճեպընթաց-ամենահաս-սլացիկ մեքենաները ճռռոցով կայանում են այնպես, ասես երկնքից դեսանտ են իջել: Ամեն ինչ արվում է կրիմինալոգիայի եւ ռազմական գործողությունների համադրման պրոֆեսիոնալիզմի գերագույն-բարձրագույն մակարդակով: Լրագրողը օնլայն ռեժիմով լուսաբանում է այս չտեսնված բարդության օպերացիան: Տեռորիստ-պեչենիստ-հանցագործ-կրիմինալ-մաֆիոզ անձը վնասազերծվում է,անռնվում օղակի մեջ: Նա արդեն հանել է խարիսխը ուտելիքի բաժնից, նա արդեն գտնվում է ոստիկանական իրականության մեջ, ուր անդադար հայտարարում են, որ բռնել են նրան: "Մենք բռնել ենք նրան, մենք բռնել ենք նրան",- ասում է ոստիկանը: Բռնել է նրան: Պատկերացնո՞ւմ եք` ԲՌՆԵԼԱ: Ինչպես չգովերգել այդ հերոսագործությունը, երբ քեզ նկարում են, ու րոպեներ հետո քեզ կտեսնի ողջ քաղաքը, ողջ ազգը կիմանա, որ դու բռնել ես, չէ բայց լուրջ` ԲՌՆԵԼ ԵՍ:
Իսկ խարիսխը կորցրած մարդը այս ու այն կողմ է շպրտվում բոեւիկ կինոյի ալիքների միջեւ, քանց փոքրիկ նավակը ծովում: Круто ты попал на экран, чувак!
Ասածս ինչ էր` խանութներից բան-ման տանելուց առաջ ուշադիր նայեք, որ ոստիկաններ չլինեն ու լրագրողներ` առավելեւս: Թե չէ` հնարավոր է ո'չ միայն խարիսխը կորցնել: Ու եթե ցանկացողներ կան, կարող ենք համատեղ պլան մշակել որեւէ խանութ թալանելու` նախօրոք եմ զգուշացնում` թեյի ավարը վերցնելու եմ ինձ:
SHARE

0 comments :

Post a Comment