Հեռուստացույցերի կորած մոգությունը
Written By Unknown on Saturday, March 28, 2015 | 4:24 AM
Զգալու համար, թե ինչպես են լվանում-չորացնում-հարդուկում մարդկանց գլուխները, բավական է ընդամենը միացնել հեռուստացույցը: Կապ չունի` դա կլինի մեր Հանրայինը, ռուսական Առաջինը, թե ամերիկյան CNN-ը: Բոլոր դեպքերում տեղի է ունենում մարդկանց մասսայական հայվանացում:
Էլ չեմ խոսում... չնայած` ահագին հաճախ եմ խոսում այն մասին, որ, մասնավորապես, հայկական հեռուստաալիքները ունեն ծանր հրետանի` սերիալների տեսքով, որոնք ոչ միայն հայվանացնում են, այլ նաեւ բալվանացնում: Հայկական եթերից ցածրորակ ձայնային սարքավորումներով, աղմուկ ստեղծելով, աշխարհով մեկ սփռվում են մունաթ, բամբասանքներ, մունաթ, կրիմինալ, մունաթ, ապատեղեկատվություն, մունաթ, գավառականություն, մունաթ, տգիտություն` իր բոլոր` նաեւ լակոտյանական դրսեւորումներով հանդերձ, մի անգամ էլ մունաթ եւ լոտոյի` ղումարի գովազդներ:
Սրանից պաշտպանվելը շատ հեշտ է: Կարելի է կամ չնայել հեռուստացույց, կամ նայել լավ, համենայնդեպս` անշառ ալիքներ, ասենք` Դիսքավերի կամ Նեյշնլ Ջեոգրաֆիկ: Ընդհանրապես` ես հեռուստացույցի թեման չէի բացի, եթե մի քանի օր առաջ հեռուստացույց սարքողի չհանդիպեի: Այն, որ այդ մարդը հաստատ հեռուստացույց սարքող է եղել, ես ընդհանրապես չեմ կասկածում` բարի դեմքով, հաստ ակնոցներով, սեւ, մաշված պորտֆեյլով ու շապիկի գրպանը դրած ռադիոյով: Իսկական հեռուստացույց սարքող:
2000-ականներին ծնվածները երեւի չեն հասկանա ինչի մասին եմ խոսում, բայց "հին" մարդիկ գիտեն, որ խոսում եմ իսկական հրաշագործների մասին: Այդ հիմա է, որ հեռուստացույցները ավելի ու ավելի բարակում են եւ լայնանում, իսկ առաջ դրանք քառակուսի փայտյա արկղեր էին, ներսում` լիքը լամպեր: Հեռուստացույց սարքողը գիտեր բոլոր լամպերի նշանակությունը եւ չնայած էլեկտրահարվելու վտանգին, շատ հաճախ ուղղակի ձեռքերով` բռնում-պոկում-քանդում եւ տեղը կպցնում-հարմարեցնում-դնում էր նոր լամպեր, դիոդներ, պլատաներ... Այն, ինչ անում էր այս վարպետը, կողքից նմանվում էր իսկական մոգության, քանի որ մերթ ընդ մերթ բոցկլտացող կապույտ կայծերը, լամպերի թույլ լույսը եւ զոդիչի ծխացող անագը կախարդական ատրիբուտներ ասես լինեին... Էլ չեմ ասում, որ բարեհաջող սարքելու դեպքում հնարավոր էր լինում դիտել այնքան սպասված ֆիլմերը եւ մուլտերը, հաղորդումները եւ նույնիսկ գովազդները: Կարծեմ` այն ժամանակ մունաթ չկար:
Իսկ հիմա, մինչ ես կխմեմ թեյս, աշխարհում կարտադրվեն միլիոնավոր նոր հեռուստացույցներ` ավելի բարակ, ավելի արագ, ավելի հարթ եւ ավելի լայն: Եւ դրանց մի մասը կուղարկվի Հայաստան` գանգստերների մասին սերիալներ ցույց տալու:
0 comments :
Post a Comment