Տավարները կուսական դաժանության քաղաքում
Written By Unknown on Saturday, March 28, 2015 | 4:14 AM
Էլի եկա այն մտքին, որ ինչ-որ անըմբռնելի, հեթանոսական կամ ավելի ճիշտ` վայրենի բան կա մեր քաղաքում: Նրանք, ովքեր ապրում են մեծ շուկաների մերձակայքում, հավանաբար անցած կլինեն շուկայի կողքով առավոտյան...
Էլի եկա այն մտքին, որ մարդիկ ենթարկվել են լուրջ էվոլյուցիայի, կառուցել են քաղաքներ, հորինել են սոցիալական ցանցեր, Կոկա-Կոլա, նաեւ` կրոններ, որոնք արգելում են սպանել, բռնաբարել, ինչպես նաեւ ուտել որոշ կենդանիների միսը...
Իսկ առավոտյան շուկաներում կարելի է տեսնել մայթերին, նույնիսկ` երթեւեկելի մասերում իրար վրա լցված տավարի գլուխներ: Կովի գլուխներ: Կովի կտրած գլուխներ` իրար վրա լցրած, փողոցում շպտրած:
Կարելի է տեսնել հին մեքենաներ, որոնք տարիներով աշխատում են մեկ նպատակի համար` գյուղերից քաղաք բերել մորթված անասունների միսը: Ու հաճախ կարելի է տեսնել այդպիսի մեքենաներ առավոտյան` շուկայի մերձակայքում, մեջներից կովերի ոտքերը ցցված:
Այդ ժամերին կարելի է տեսնել նաեւ պարկերով ներքին օրգաններ, կտրված ոտքեր, մորթիներ... Մի խոսքով` մսի, արյունի եւ կուսական դաժանության տոնավաճառ:
Իհարկե` մի քանի ժամից դրա հետքն էլ չի մնում: Միսը արդեն կտրտված, ապրանքային տեսք ստացած դրված է լինում ղասաբի վաճառասեղանին, ոտքերը ենթարկված են լինում մշակման եւ պատրաստ` խաշ դառնալու համար, գլուխները վերածվում են ուղեղների եւ լեզուների` տարբեր ճաշակի տեր մարդկանց համար, իսկ օրվա փոշին էլ նստած է լինում ասֆալտին թափված արյունի վրա:
Լավ է, իհարկե, որ թեյ պատրաստելու ժամանակ կարիք չի լինում քերթել որեւէ մեկի մորթին կամ կտրել գլուխը: Սակայն նույն երշիկը, օրինակ, կամ ճաշի մեջի միսը...ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ ՏԱՎԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՒՍԱԿԱՆ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ: Սա ոչ մի կերպ վեգան դառնալու կոչ չէ: Բացարձակ: Ես միայն կողմ եմ լավ սթեյք ուտելուն, բայց մսի արդյունաբերման գործընթացները, նույնիսկ ամենաքաղաքակիրթները, նմանվում են չինգաչգուկային արարողության, եւ մնում է միայն գոռալ` ակունա մատատա:
0 comments :
Post a Comment