Home » , » Դեռատիզացիան եւ սնունդի աղբյուրները

Դեռատիզացիան եւ սնունդի աղբյուրները

Written By Unknown on Friday, March 27, 2015 | 11:39 AM


Մակաբույծներին վերացնելու համար անհրաժեշտ է ուտել մինչեւ վերջ:
Ես հաճախ եմ ուշադրություն դարձնում կենդանիներին` քաղաքի տարածքում, եւ հանգում այն եզրակացության, որ որոշ կենդանիներ գարշելի են ու զզվելի եւ տեղը նրանց հեռու է մարդկանցից: Ի նկատի ունեմ առնետներին:
Փողոցային, կեղտոտ առնետներին, որ կարող են դարանակալել ձեզ շքամուտքերում եւ հարձակվել ընդհուպ մեջքի հետեւից. նրանք սկզբից կկրծեն ձեր ոտքերը, որպեսզի դուք հնարավորություն չունենաք փախչելու, այնուհետեւ կանցնեն որովայնին, կկրծեն-կծակեն այն, կմտնեն ներս եւ դուրս կգան արդեն բերանից եւ աչքերից...
Սարսափելի է, չէ՞: Ու զզվելի: Դրա համար էլ քաղաքապետարանը ժամանակ առ ժամանակ իրականացնում է դեռատիզացիոն աշխատանքներ, պայքարում է կրծողների դեմ, թույներ է լցնում պատերի տակ եւ նման բաներ: Բայց, փաստորեն, այդ կենդանիները, որ նախատեսված են ողջ մնալու նույնիսկ ամենասահմռկեցուցիչ ապոկալիպսիսից հետո, կարողանում են դիմագրավել ցանկացած դեռատիզացիայի` շնորհիվ, երեւի, լավ զարգացած իմունային համակարգի:
Դեռատիզացիա... ինչպիսի ասոցիացիաներ կարող է առաջացնել այս բառը: ԴեՌԱԴիզացիա, օրինակ, ապաառնետացում, ասենք: Լավ է, որ այս մտքերից ցրվելու համար կարելի է գոնե թեյ խմել եւ նայել լուսամուտից, որտեղից առնետներ չեն երեւում, այստեղից նույնիսկ մարդիկ են հազիվ երեւում: Իսկ հետաքրքիր է, կա՞ ինչ-որ էակ, որը զզվում է մարդկանցից այնպես, ինչպես մարդիկ են զզվում որոշ այլ տեսակներից:
Բայց ասելիքս դա չէր: Այն էր, որ սնունդ` ցանկացած տիպի, պետք չէ նետել աղբանոց: Համենայնդեպս բնակելի շենքերի մերձակայքում: Առնետները սնվում են մեր ուտելիքների մնացորդներով: Չի լինի սնունդ, չեն լինի նաեւ առնետներ: Այս մարդկային "ֆլեշմոբը"` ուտելու աղբ չթափելը, եթե այն, իհարկե, տեղի ունենա, կլուծի քաղաքում կենդանիների հարցը ընդհանրապես: Չէ՞ որ կատուներն ու շներն էլ են սնվում մարդկանց մնացորդային ուտելիքներով: Եթե կտրվի այդ սնուցումը, ավելի ուժեղ կենդանիները կուտեն միմյանց, կման ուժեղագույնները, բայց քանի որ կերած կլինեն զզվելի եւ թունավոր առնետների` կթունավորվեն եւ ընդհանրապես կվերանան:
Հետաքրքիր է... ի՞նչ տեղի կունենա, եթե այլ ուժերի կողմից դադարի մարդկանց սնուցումը:
SHARE

0 comments :

Post a Comment