Home » , » Տարբեր շերտերն ու մարդկանց քաղաքը

Տարբեր շերտերն ու մարդկանց քաղաքը

Written By Unknown on Saturday, March 28, 2015 | 3:56 AM


Քաղաքը նման է այն շերտավոր խմորով թխվածքին, որը ես հիմա ուտում եմ թեյ ըմպելիս: Քաղաքը նույնպես ունի շերտեր: Ի նկատի չունեմ մարդկանց խավերը կամ քաղաքի հարկերը` ստորգետնյա, վերգետնյա եւ այլն... Ասածս մի փոքր այլ կտրվածքով է: Չէ՞ որ քաղաքում ապրում են ոչ միայն մարդիկ:

Քաղաքը բաժանված է շների ոհմակների միջեւ: Ամեն ոհմակ ունի իր տարածքը, որտեղ ոհմակի անդամները իրենց տիրապետության տակ են պահում աղբամանները, շուկաները կամ մսի խանութների մերձակայքը, էգերին, ծառերը, որոնց վրա կարելի է միզել, եւ այլն: Այս ոհմակների մասին կարելի է լսել արթնանալով գիշերային ժամերին եւ ականջ դնելով դրսի ձայներին: Հաչոցներ, ոռնոցներ... ինչպիսի կրքեր, իսկական գանգստեռական միջնադար:
Քաղաքը բաժանված է նաեւ կատուների միջեւ: Այս մոգական կենդանիները թեեւ հմայիչ են, խունջիկ-մունջիկ, իրար մեջ սարսափելի կռիվներ են անում` նոր տարածք, նոր աղբաման, նոր էգեր ձեռք բերելու համար: Սրանց էլ կարելի է ականջ դնել տարվա որոշ եղանակներին: Գոռոցներ, վավաշոտ մլավոցներ... մեծ սեքսը փոքր քաղաքում:
Ու մնացած լակոտ-լուկուտ կենդանիները նույնպես կիսում են քաղաքը: Առնետները` շենքերի աղբանոցներն ու կոյուղին, մկները` բնակարանները եւ պահեստները, միջատները` ամեն ինչն ու ամեն մեկին, թռչունները` ամեն ծառն ու ամեն լվացքի պարանը:
Իսկ դուք, օրինակ, վստա՞հ եք, որ ձեր լվացքի պարանը իրականում պատկանում է ձեզ, այլ ոչ թե, ասենք, Դենիել Ֆլայթ անունով ճնճղուկին: 
SHARE

0 comments :

Post a Comment