Home » » ​Կարկադե

​Կարկադե

Written By Unknown on Thursday, March 26, 2015 | 4:52 AM



Կարկադեով թեյի ստույգ տարիքը պարզել հնարավոր չէ, սակայն հայտնի է, որ այն Հին Եգիպտոսում բարձր էր գնահատվում ու միայն փարավոններին վայել ըմպելիք էր համարվում: Բանն այն է, որ այդ փառահեղ վառ-սուտակագույն, հաճելի համով ըմպելիքը ոչ միայն հագեցնում է ծարավը, թարմացնում շոգին, այլև օժտված է բազում օգտակար հատկություններով:



Ի՞նչ է կարկադեն


Հիբիսկուսը կամ սուդանյան վարդը, ռոզելան՝ մեզ հայտնի չինական վարդը, տուղտազգիների ընտանիքին պատկանող բույս է, որի հայրենիքը Եգիպտոսն է համարվում ու այդ երկրի պլանտացիաներում աճեցված թեյն էլ` ամենաբարձրորակը: Կարկադեի տերևները, արմատները, ցողունը, մի խոսքով, բոլոր հատվածներն օգտակար են: Սակայն թեյի համար օգտագործվում են միայն բույսի ծաղիկները, ավելի ստույգ` ծաղկաբաժակը, որից ծաղկաթերթիկներն են դուրս գալիս:

Ծաղիկների կյանքը շատ կարճ է. առավոտյան բացված ծաղիկը կեսօրին արդեն թոշնում է, ու մնում է միայն ծաղկաբաժակը, որն օրեցօր ավելի գունեղ է դառնում, խոշորանում, հյութեղանում` վերածվելով պտղի: Սակայն չեն թողնում՝ այդ պտուղը հասունանա, պոկում են ու չորացնում հատուկ պայմաններում:

Կարկադեի թեյը հարուստ է կենսաբանական ակտիվ նյութերով, մանավանդ՝ օրգանական թթուներով: Դրանք էական ազդեցություն են ունենում ըմպելիքի համի ու հատկությունների վրա: Պարունակում է անփոխարինելի ճարպաթթու ` լինոլեաթթու, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Հատուկ տեղ են զբաղեցնում ֆլավոնոիդները, Р-վիտամինային ակտիվությամբ օժտված նյութերը: Կարկադեի թեյը պարունակում է գլիկոզիդներ ու պեկտիններ, մակրո- ու միկրոտարրեր, վիտամիններ, որոնք փոխազդում են կենսաբանորեն ակտիվ ուրիշ նյութերի հետ ու դրանից ավելի ակտիվանում:

Կարկադեի օգտակար բաղադրությունը

Ըմպելիքը թթվաշ հաճելի համ է ստանում կիտրոնա-, խնձորա- և գինեթթուների շորհիվ: Անտոցիանի խտությունն ըմպելիքին վառ կարմիր գույն ու հականեխիչ հատկություն է հաղորդում: Ֆլավոնոիդները, Р վիտամինային ակտիվությամբ նյութերը կանխում են վաղաժամ ծերացումը, նվազեցնում դիաբետի ու քաղցկեղային հիվադությունների առաջացման ռիսկը, և որ ամենակարևորն է, ամրացնում մանր ու խոշոր արյունատար անոթների պատերը, դարձնում առավել առաձգական, լայնացնում` հակախոլեստերինային հատկության շնորհիվ:

Կվերցիտինն ուժեղ հակաօքսիդանտ է, արգելակում է մաշկի բջիջների ծերացման գործընթացը, պաշտպանում աչքի ծիածանաթաղանթն ու բարերար ազդում սրտամկանի վրա: Բացի այդ, օժտված է իմունախթանիչ, հակաայտուցային, հակասպազմային, հակահիստամինային ազդեցությամբ: Լինոլեաթթուն, ասկորբինաթթվի ու այլ վիտամինների ազդեցությամբ, օգնում է հաղթահարելու սթրեսը, հոգնածությունը, բարելավում է ուղեղի աշխատանքը: Բացի այդ, նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, բարելավում իմունիտետը, խոչընդոտում արյունատար անոթների պատերին խոլեստերինային թերթիկների առաջացումը, քայքայում է օրգանիզմին ոչ պիտանի ճարպը: Պեկտինն ըմպելիքին օրգանիզմը մաքրող հատկություն է տալիս, հեռացնում ավելորդը, այդ թվում` ծանր մետաղների աղերը:

Ո՞ւմ է ցուցված կարկադեն

Բոլորին: Այդ հաճելի ըմպելիքը վերադարձնում է ուժն ու առողջությունը բարձր ջերմության ժամանակ, գերհոգնածության, քրոնիկ հոգնածության, ցածր ու թույլ իմունիտետի դեպքում: Շատ կարևոր է կարկադեի ազդեցությունն արյունատար անոթների վրա: Ամրացնելով ու առաձգականություն հաղորդելով` նվազեցնում է զարկերակային ճնշումը: Ի դեպ, պետք է հաշվի առնել, որ կարկադեով տաք ու սառը թեյերը միանգամայն տարբեր ազդեցություն են ունենում զարկերակային արյան ճնշման պարագայում: Տաք թեյը նպաստում է արյան ճնշման բարձրացմանը, օգնում երիկամներն ու լյարդը խարամներից մաքրելուն, հրաշալի հանգստացնող միջոց է: Տաք թեյը հաճախ մրսածության ժամանակ է գործածվում, օգնում է անքնությունը հաղթահարելուն: Հետևաբար, խորհուրդ է տրվում խմել արյան բարձր ճնշում ունեցողներին` կանոնավոր ճնշումը ստուգելով:

Իսկ սառը թեյը հակառակը՝ նպաստում է արյան ճնշումն իջեցնելուն, խթանում մարսողությունն ու ակտիվացնում ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, ամրացնում անոթների պատերը: Սառը ըմպելիքն օգնում է խումհարի ժամանակ:

Աչքերի մշտական լարվածության դեպքում այս թեյն օգնում է պահպանելու տեսողությունը: Թույլ լեղամուղ ու հիպոլիպիդեմիկ հատկությունն օգնում է անոթները պաշտպանելու խոլեստերինային թերթիկներով խցանումից: Շատ օգտակար է դիաբետի կանխարգելման դեպքում: Իսկ եթե արդեն այդ հիվանդությունը կա, ուրեմն կարկադեով թեյն օգնում է թեթևացնելու հիվանդության ընթացքը:

Թեթև թուլացնող հատկությունն այն հրաշալի կանխարգելիչ միջոց է դարձնում քրոնիկ փորկապության պարագայում, հաստ աղիքի ֆունկցիայի կարգավորման համար: Իսկ թեյի տևական գործածությունը նկատելիորեն բարելավում է մաշկի վիճակը, դեմքի գույնը, վերացնում է մաշկի ավելորդ ճարպոտությունը կամ չորությունը, կորյակնեը, բուժում է դիաթեզը: Քաղցած ստամոքսին ըմպած թեյը նաև մակաբույծների դեմ պայքարի միջոց է, իսկ խումհարի դեպքում կարող է փոխարինել թթվաջրին:

Այս թեյի կանոնավոր գործածությունը կօգնի ազատվելու ավելորդ քաշից. կարկադեի մեջ շաքարի յուրացումը դանդաղեցնող ու ածխաջրերի յուրացումը բարելավող նյութեր կան: Սակայն ասվածից չի կարելի եզրակացնել, որ կարկադեի թեյը համադարման է: Օրական առաջարկվում է խմել մինչև 2-3 բաժակ թեյ, այն էլ` մյուս սննդամթերքների կիրառության դեպքում:

Ինչպե՞ս պետք է ընտրել կարկադեն

Նախ , ինչպես և թեյախոտը, նախապատվությունը պետք է տալ խոշորաթերթ տեսակին, ուշադրություն պետք է դարձնել դրա փաթեթավորման ամսաթվին, քանի որ կարկադեի պահպանման առավելագույն ժամկետը 3 տարի է:

Եգիպտոսում վաճառվում է 2 տեսակի կարկադե` շատ խոշոր` Հարավային Եգիտոսից ու Սուդանից, ավելի մանր, որը որակով զիջում է եգիպտականին:

Մենք կարկադեով թեյը թրմում ենք սովորական թեյախոտի պես. խոտի վրա եռման ջուր լցնում ու մի քանի րոպե թողնում: Իսկ Եգիտոսում կարկադեն եռացնում են:

Կարկադեով թեյի պատրաստման տարբերակներ

Հումքի վրա սառը ջուր են լցնում ու կրակին եռացնում, ապա կրակը նվազեցնում ու եփում ևս 3 րոպե: Կամ կարկադեի վրա տաք ջուր են լցնում ու այդ խառնուրդը եռացնում, ապա ևս 3 րոպե եփում: Համային նախապատվությունով ու հումքի որակով պայմանավորված` 1 թեյի գդալ թերթիկների համար 1 բաժակ ջուր է վերցվում: Ի դեպ, կարկադեն տաք ջրով թրմելու դեպքում օգտակար հատկությունների մեծ մասը կորչում է: Եվ պետք է թրմել ապակյա կամ կերամիկական թեյնիկում, բայց ոչ երբեք մետաղյա ամանում, քանի որ դա ոչ միայն համի, որակի, այլև գույնի վրա է ազդում: Իսկ բոլոր հատկությունները պահպանելու նպատակով կարկադեի հումքի վրա լցնում են տաք (40 աստիճանից ցածր) ջուր ու թրմում 3-8 ժամ: Այդ ընթացքում ըմպելիքը համուհոտ է ձեռք բերում:

Ի՞նչ կարելի է պատրաստել կարկադեից

Կարկադեով ըմպելիքը հրաշալի հիմք է ոչալկոհոլային գլինտվեյնի պատրաստման համար: Այդ նպատակով օգտագործվում են համեմունքներ` մեխակ, դարչին, կոճապղպեղ, հիլ, իսկ թթվությունը կոտրելու նպատակով` մեղր կամ շաքար: Ցանկության դեպքում կարելի է նաև մրգեր ու հատապտուղներ ավելացնել, շատ ներդաշնակ են ցիտրուսայինները:

Պատրաստման եղանակը. համեմունքների վրա գոլ ջուր լցնել ու մարմանդ կրակին դնել: Այդ խառնուրդը պետք է եփել այնքան ժամանակ, մինչև ամբողջ խոհանոցում տարածվի եթերայուղերի բույրը: Դրանից հետո կրակից վերցնել ու փակ բերանով ամանով դնել մի կողմ` հովանալու, այնուհետև խառնել նախապես եփած կարկադեով ըմպելիքին: Ավելացնել շաքար կամ մեղր ` ըստ ճաշակի, և դասական գլինտվեյնը պատրաստ է:

Կարկադեով ըմպելիքի հակացուցումները

Առաջին հերթին՝ անհատական անընկալությունը և գաստրիտներն ու խոցերը, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունները, ինչպես նաև միզաքարային ու լեղաքարային հիվադությունների սրացումները:

Կարկադեով ըմպելիքը կարելի է խմել ինչպես տաք, այնպես էլ սառը, ամռանը` նաև սառույցով:

Բնական միզամուղ է, օժտված ներքին օրգաններն ախտահանող հատկությամբ, օգնում է այրոցքի դեպքում: Հրաշալի միջոց է մարզիկների համար. մեղրով թեթևակի քաղցրացրած ըմպելիքը կարելի է օգտագործել մարզումների ընթացքում: Կարկադեի C վիտամինն օգնում է վարակներին դիմակայելուն, նաև՝ անքնության պարագայում:

Կարկադեի սերմերը Գվինեայում գործածում են որպես հանգստացնող միջոց, Բիրմայում այն աֆրոդիզիակ է համարվում, Ֆիլիպիններում բույսի դառն արմատը տապակում են, մաքրում ու գործածում որպես ախորժակը խթանող միջոց, իսկ Անգոլայում բույսի տերևների թանձր հյութով վերքեր են բուժում: Իսկ որոշ երկրներում թարմ տերևները խոհանոցում են գործածում, շոգեխաշում են սոխի հետ: Արևմտյան Հնդկաստանում կարկադեով պուդինգ ու դոնդողներ են պատրաստում: Ամռանը կարկադեից կարելի է զովացուցիչ պատրաստել` հումքը թրջելով սառը ջրով ու թրմելով 8 ժամ: Առավոտյան կարելի է ստացված թթվաշ ըմպելիքով մի լավ զովանալ:

Հիբիսկուսի լվացած տերևները հարզարատերևով աղցաների մեջ են ավելացնում՝ թթվաշություն հաղորդելու համար: Եվ, վերջապես, հիբիսկուսը գործածվում է որպես բնական գունանյութ. կարկադեի եփուկով կարելի է Զատկի ձվերը ներկել` կարմիր ու նաև կապույտ:

Իսկ արդեն գործածված տերևները կարելի է կիրառել որպես հումուս` հողը պարարտացնելու համար:
SHARE

0 comments :

Post a Comment