Home » , » Իսկ այժմ բորենիների ժամանակն է

Իսկ այժմ բորենիների ժամանակն է

Written By Unknown on Sunday, March 29, 2015 | 10:35 AM


Ընդհանուր բնութագիր
Աննպատակ քայլքով փողոցը մաշող ՀՀ քաղաքացու ճակատից ընկած քրտինքի կաթիլն արտացոլում է ճշմարտությունը. բորենիները պատառոտել են զոհի մարմինը: Զգուշացի՛ր, ո՛վ Հայ, բորենիների իշխանությունից, քանզի նրանք մահ ու ավերածություն են բերել քո տանը (Տիգրան Հայրապետյան):
«ՎԵՐՋԻՆ ՄԱՐԴԸ »
 Հայաստանում հաստատվել է «վերջին մարդու» իշխանությունը: Հագեցած բարձրագույն իշխանությունից ստացված անհոգությամբ՝ նա արհամարում է ծառացած վտանգը, քրքիջ սփռում ՝ավերածությունների ու արյան մեջ, լուտանք ու մեղադրանքներ թափում իր իսկ կողմից չպաշտպանված ու մահապուրծ եղբայրների վրա և անտեսում այն ամենը,  ինչ կասկածի է ենթարկում «վերջին մարդու» իշխանությունը: Պատմությամբ բազմիցս հաստատված ճշմարտություն է, որ հասարակությունը և մանավանդ հոտի աստիճանին իջած զանգվածը թշնամի է ցանկացած բարեփոխումների, ինքնակարգավորման, առավել ևս՝ գործողությունների, որոնք պահանջելու են հաղթահարել սեփական ինքնությունը:  Զանգվածն անշեղորեն հետևում է «Վերջին մարդուն» և ցնորային համառությամբ հավատում, որ բնական ընտրության այս դաժան պայմաններում՝ գոյատևելու է մի մարմին, որ զուրկ է ինքնավերարտադրության ընդունակությունից, ինքնապաշտպանության կամքից և թշնամի է բարեփոխության շողքին իսկ:  «Վերջին մարդու» իշխանությունից սթափվելը ողջ ժողովրդի խնդիրն է, քանի որ «վերջին մարդու» գործելակերպի բաղկացուցիչ մասն է կազմում «ժամանակ առ ժամանակ թույն տալ՝ դա հաճելի երազներ է առաջացնում: Իսկ վերջում թույնի մեծ բաժին, որպեսզի մահը հաճելի լինի» (Նիցշե):

ՀԱՅԱՍՏԱՆ, ՅՈ՞  ԵՐԹԱՍ
Դեպի ծերություն՝ ապահով ծերություն: Հասարակության ծերությունը բարեկեցիկ ու ապահով դարձնելը պետության պարտքն է և Հայաստանի «իշխանությունը», բնականաբար, այդ հարցը հարթելու լուծումներ չէր կարող չփնտրել ու չգտնել: Փնտրեց, փնտրեց, փնտրեց…………………………ու գտավ: Իսկական էվրիկա.կենսաթշակային կուտակային համակարգ: Սա չտեսնված է, այսինքն՝ այսպիսի խայտառակություն ոչ մի տեղ չեք գտնի: Այնտեղ, ուր բնակչության 70%-ը սովամահ է լինում, այնտեղ, ուր միայն օլիգարխների եկամուտն է  բավականացնում, որ գումարը  օրվա հացը ձեռք բերելու վրա միայն չծախսվի, այնտեղ, ուր լացացնող է անցյալը, ողբալի՝ ներկան ու անթափանց՝ ապագան, չի կարող խոսք գնալ խոստումների մասին. «մի՛ խոստացեք այն, ինչ չեք կարող կատարել»: Չեք կարող, քանի որ չկա հաստատուն պետականություն, եկամտի անսպառ աղբյուր, նախադրյալներ երկիրը ոտքի կանգնեցնելու համար,  չծախու հասարակություն ու չվաճառվող հողեր: Ի՞նչ ծերության  թոշակի մասին է խոսքը գնում, եթե արդեն ողջ ժողովուրդը «թոշակի է անցել», եթե «ՆԻՍՅԱՅՈՎ»  ենք գոյատևում ու ջարդուփշուր անում պետության առանց այդ էլ կոտրված ողնաշարը: 
  Անպատճառ, օրենքը կընդունվի և կընդունվեն ուրիշ օրենքներ ևս: Մի օր կփոխվի Սահմանադրությունը և յուրաքանչյուր կետում կկատարվեն ուղղումներ: Երբ օրերից մի օր մեզանից մի փոքր գրագետը կորոշի թերթել ՆՈՐ  Սահմանադրությունը, կհայտնաբերի, որ ինչ-որ բան այնուամենայնիվ չի հիշում: Ամեն գնով կջանա լարել հիշողությունը, բայց այդպես էլ ապացույցներ չգտնելով՝  կհաշտվի այն փաստի հետ, որ ՍԱՀՄԱՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ միշտ էլ նույնն է եղել, պարզապես կիսատ է  կարդացվել:
Կրկին ելքի մասին
Եվ կրկին Հայրապետյան: Որպեսզի անցումային փուլում՝ մեծ կամ փոքր, ուժեղ կամ թույլ ազգը գոյատևի, նրա ներսում՝ պետք է իշխի հակաէգոիզմի էթիկան, երբ հասարակական շահը գերադասվում է անձնական շահից: Հակաէգոիզմի էթիկան հասու է միայն այն հասարակություններին, ուր առաջնորդից մինչև ստորին աստիճանի մարդը ունեն միավորիչ գաղափար, ուր կա միավորիչ նպատակ, ուր յուրաքանչյուրն իր տեղում՝ համապատասխան իրավունք և պատասխանատվություն ունի, ուր գոյատևումը գնահատվում է ոչ թե որպես նպատակ, այլ միջոց՝ ստեղծագործելու, նպատակներն իրականացնելու և զարգանալու:
  Մեր հասարակությունում հավաքականության գիտակցությունն իջել է նվազագույնի, ուժով և կարողություններով միմյանց խեղդելը և սեփական «ես»-ի խնդիրների լուծումն ի հաշիվ ուրիշների՝ օրինականացված բարոյականություն է դարձել:  Ահա, թե ինչու են բորոր «խելքներին փչածներ»-ը օրենքներ դառնում:

Էսսեն գրվել է Տիգրան Հայրապետյանի  «Անապատի հազար տարի» գիրքը ընթերցելուց հետո:
Աննա Գսպոյան
SHARE

0 comments :

Post a Comment