Home » , » Հայկական ազգանվան հմայքը

Հայկական ազգանվան հմայքը

Written By Unknown on Saturday, March 28, 2015 | 2:04 AM


Վերջերս ֆրանսիացի Բեռնար Վերբերի գրքերից էի կարդում: "Մեր հայրերի հայրը": Ես սովորություն եմ դարձրել թեյ խմելիս գրքերի մասին երկար-բարակ չգրելը, ուստի չեմ ուզում մանրամասն ներկայացնել ինձ մոտ ձեւավորված կարծիքը սույն գրքի վերաբերյալ:
Պատմեմ միայն, որ այն բավական, նույնիսկ շատ հասարակ ձեւով գրված վեպ էր մարդկության էվոլյուցիայի թեմայով, ու գրքի եզակի առավելությունը թերեւս այն էր, որ դրանում հնչում են էվոլյուցիայի, մարդու ծագման վերաբերյալ բազմաթիվ հիպոթեզներ:
Չնայած` հայ ընթերցողի համար գիրքն ունի մեկ այլ կարեւորություն, ու հենց դրա մասին էի ես ուզում խոսել:
Բանն այն է, որ գրքի կենտրոնական կերպարը, ում տեսության շուրջ են ձեւավորվում բոլոր գործողությունները, հայ է: Պրոֆեսոր Պյեր Աճեմյանը: Լավ է, չէ՞, հնչում: Պրոֆեսոր Աճեմյան:
Այնքան լավ է հնչում, որ ես նույնիսկ մոռանում էի դրա մասին խոսել: Որ մի կինոյի կամ ուրիշ գրքի մեջ որեւէ հայ է հանդիպում, ասենք` Սարգսյան, ուրախանում ես, ուզում ես դրա մասին պատմել, որովհետեւ հայ է, սովորական հայ է, Սարգսյան, մեր մեջից մեկն է, այդ ազգանունով կարելի է լինել եւ արհեստավոր, եւ արվեստագետ, եւ նույնիսկ, ոմանք համոզված են, իսկ ոմանք ուղղակի համակերպվել են, ամեն դեպքում Աստված տնից-տեղից հեռու պահի, նախագահ:
Իսկ Աճեմյան ազգանունը, ինչպես եւ մի քանի այլ ազգանուններ, բոլորովին այլ է: Չգիտեմ... Դուք հանդիպե՞լ եք Աճեմյան ազգանունով տաքսիստի: Իսկ առաքիչի՞: Եթե փնտրեք Գուգլում, կգտնեք միայն կոմպոզիտորների, ռեժիսորների, գրողների եւ արվեստագետների: Իրոք` շատ լավ ազգանուն է: Եւ շատ լավ է, որ ֆրանսիացի հրեայի գրքում պրոֆեսորը հենց Աճեմյան է, հենց հայ է: Առանց նացիոնալիզմի (դա էր պակաս): Ուղղակի լավ է, երբ նման գրքերում հանդիպում ես հայի, ով չէր կարող ոչ մի կերպ լինել պիցցայի առաքիչ կամ տաքսու վարորդ, առնվազն` պրոֆեսոր:
SHARE

0 comments :

Post a Comment